Եվրոպայի խորհրդի 2019թ. տարեկան քրեական վիճակագրության համաձայն՝ Հայաստանն ազատազրկման ամենացածր մակարդակն ունեցող երկրների շարքում է:
Ապրիլի 1-ի դրությամբ Եվրոպայի խորհրդի բանտային բնակչության խտության ինդեքսով (100 տեղի հաշվով) ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում խտությունն ընդամենը 42.2 % է (գրեթե երկու անգամ ցածր է եվրոպական միջինից` 89,5%):
Չնայած վերոնշյալ հանգամանքին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից 2020թ. մարտի 15-ին հրապարակված «ԿՈՎԻԴ-19. պատրաստվածությունը, կանխարգելումը և վերահսկումը բանտերում և ազատությունից զրկելու այլ վայրերում» միջանկյալ ուղեցույցում նշված է, որ ազատությունից զրկված անձինք, հավանաբար ավելի խոցելի են կորոնավիրուսային հիվանդության (ԿՈՎԻԴ-19) բռնկման նկատմամբ, քան ընդհանուր բնակչությունը, քանի որ նրանք տևական ժամանակ միասին բնակվում են փակ տարածքներում:
Ավելին, փորձը ցույց է տալիս, որ բանտերը և նման օրինակ այլ վայրերը, որոնցում մարդիկ հավաքված են փոքր տարածքում, կարող են վարակման աղբյուր լինել և նպաստել վարակիչ հիվանդությունների տարածմանը բանտերում և դրանցից դուրս:
Ըստ ՀՀ արդարադատության նախարարության տրամադրած պաշտոնական տեղեկատվության՝ 2020թ. մարտի 16-ից մինչև մարտի 31-ը պատժից ազատվել է 18 դատապարտյալ (1-ը՝ ծանր հիվանդության հիմքով, 6-ը՝ պայմանական վաղաժամկետ, 1-ի պատիժը ազատազրկումից փոխարինվել է հանրային աշխատանքով, 10-ը՝ պատիժը լրիվ կրելով), իսկ կալանքից՝ 40 անձ: Ապրիլ ամսվա առաջին տասնօրյակում ևս արձանագրվել է ազատումների թվի աճ:
Նախարարությունը միևնույն ժամանակ պարզաբանում է, որ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող կանխարգելիչ միջոցառումներին զուգահեռ, կարևորելով քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց առողջության պահպանման իրավունքի իրացման ուղղությամբ պետության ստանձնած պարտավորությունները՝ 2020թ. ապրիլի 2-ին ՀՀ արդարադատության նախարարը դիմել է իրավապահ մարմինների ղեկավարներին՝ Հայաստանում արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության պայմաններում նոր կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի շրջանակում ջանքերը մեկտեղելու և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություններ ներկայացնելուց հնարավորինս ձեռնպահ մնալու առաջարկով:
Գնահատելով արդեն իսկ ձեռնարկված քայլերն ու առկա վիճակագրական պատկերը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խումբը (այսուհետ՝ Խումբ), այդուհանդերձ, կիսում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության մտահոգությունը և քրեակատարողական հիմնարկներում հնարավոր ռիսկերը նվազեցնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը պարբերաբար կոչ է անում հետևողականություն ցուցաբերել և գործադրել հատուկ ու արագացված ընթացակարգեր՝ ազատությունից զրկված անձանց պայմանական վաղաժամկետ ազատ արձակելու, ուղղիչ հիմնարկի տեսակը փոխելու, ծանր հիվանդության հիմքով պատժից ազատ արձակելու, ինչպես նաև պատժատեսակները փոխելու համար:
Այդ նպատակով Խումբը վերջին 3 ամիսների ընթացքում պարբերաբար հանդես է եկել ոլորտային առաջարկներով:
Այսպես, ՀՀ քրեադատավարական օրենսդրությունը նախատեսում է պատժից ազատման որոշ մեխանիզմներ: Մասնավորապես, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 434-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պատժից պայմանական վաղաժամկետ ազատումը կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժով փոխարինումը դատարանի կողմից մերժվելու դեպքում այդ հարցի կրկին քննարկումը կարող է տեղի ունենալ ոչ շուտ, քան մերժման վերաբերյալ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնելու օրվանից 6 ամիս անց, իսկ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց դեպքում՝ երեք տարի անց:
Հարցի առնչությամբ Խումբը 2020թ. ապրիլի 28-ի թիվ 20-27 գրությամբ առաջարկել է մշակել օրենսդրական փոփոխության նախագիծ՝ պայմանական վաղաժամկետ ազատ արձակման կրկին քննարկման 6 ամսվա և 3 տարվա ժամկետների արգելքը ժամանակավորապես վերացնելու և ազատազրկված անձանց վաղաժամկետ ազատ արձակման առավել ճկուն և արդյունավետ մեխանիզմ նախատեսելու համար: Միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել մասնակցելու հարցի կապակացությամբ բովանդակային քննարկումների:
ՀՀ արդարադատության նախարարության փոխանցմամբ՝ առաջարկությունը քննարկման առարկա կդառնա ՀՀ քրեակատարողական նոր օրենսգրքի նախագծի մշակման համատեքստում:
Խրոնիկ հիվանդություններ առկա են ազատությունից զրկված 255 անձի մոտ, որը կազմում է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 11.3%-ը։ Ազատությունից զրկված անձանց շրջանում 60 տարեկանից բարձր շեմ ունեցող և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց թիվը 32 է, որը կազմում է ազատությունից զրկված անձանց ընդհանուր թվի մոտ 1.4%-ը։ Չնայած թվի փոքրությանը, այնուհանդերձ, նշված անձինք ԿՈՎԻԴ-19 հիվանդության վարակի վտանգավոր ռիսկային խմբում են:
ՀՀ Կառավարության կողմից 2006թ. մայիսի 26-ին ընդունված թիվ 825-Ն որոշմամբ սահմանվել է խափանման միջոց ընտրված կալանքը կամ պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների կողմնորոշիչ ցանկը: Խումբը գտնում է, որ հանրապետությունում ԿՈՎԻԴ-19 համավարակի պատճառով ստեղծված իրավիճակում 60 տարեկանից բարձր շեմ և խրոնիկ հիվանդություններ ունեցող անձանց քրեակատարողական հիմնարկներում գտնվելը վտանգավոր է նրանց կյանքի համար: Ուստի 2020թ. ապրիլի 27-ի թիվ 20-25 գրությամբ առաջարկել է քննարկել նշված խմբի դատապարտյալներին պատժից ազատելու հնարավորության հարցը:
ՀՀ արդարադատության նախարարությունը մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների համատեքստում իրականացրել է միջազգային փորձի լայնածավալ ուսումնասիրություններ խոցելի խմբում գտնվող ազատությունից զրկված անձանց ԿՈՎԻԴ-19 համավարակի պատճառով պատժի հետագա կրումից ազատելու նպատակահարմարության վերաբերյալ և հանգել հետևյալ եզրակացությանը:
ա. Ո՛չ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպայի նիրավունքը, ո՛չ միջազգային չափանիշները, ո՛չ Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեն չեն նշում, որ տարափոխիկ կամ ոչ տարափոխիկ հիվանդություններ ունենալը պատժից կամ կալանքից ազատելու միանշանակ հիմք է։ Եթե հիվանդությունը չի խոչընդոտում պատժի կամ կալանքի կրմանը, ապա միայն հիվանդության առկայությունը չի կարող առանձին վերցված հիմք հանդիսանալ անձին պատժից կամ կալանքից ազատ արձակելու հարցը քննարկման առարկա դարձնելու համար։
բ. Մի շարք ՄԻԵԴ վճիռներով (օրինակ՝ Cătălin Eugen Micu v. Romania, Ghavtadze v. Georgia, Iamandi v. Romania) ՄԻԵԴ-ը նշում է, որ պետությունը պետք է ապահովի անձին պատշաճ բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, անհրաժեշտության դեպքում՝ թեստավորումը։ ՄԻԵԴ-ն արձանագրում է, որ եթե տրամադրվում է պատշաճ բժշկական օգնություն և սպասարկում, ապա իշխանությունները կատարում են իրենց ստանձնած պարտականությունը։
Ըստ այդմ՝ ազատությունից զրկված անձի` ԿՈՎԻԴ-19 համավարակի խոցելի խմբում գտնվելու հանգամանքը դեռևս միանշանակ հիմք չէ պատժի հետագա կրումից կամ կալանքից ազատելու համար:
Միևնույն ժամանակ, ՀՀ արդարադատության նախարարությունը իր միջազգային և ներպետական գործընկերների հետ համատեղ ձեռնարկում է անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումներ ազատությունից զրկված անձանց առողջության պահպանման իրավունքի երաշխավորման համար: