Դիտորդների խմբի անդամները ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ կատարած այցելությունների ընթացքում արձանագրում են, որ քրեակատարողական հիմնարկներում կան ազատությունից զրկված անձինք, ովքեր ունեն տարբեր խրոնիկ հիվանդություններ։ Նրանց բժշկի ցուցումով նշանակվել է հատուկ սննդակարգ (ոչ սպիտակ հաց, ոչ ճարպոտ միս, ձուկ, հավ խաշած վիճակում, կաթ, կաթնաշոռ և թթվասեր և այլն), ինչը նրանք ստանում էին հանձնուքների միջոցով: Սակայն քանի որ ներկա դրությամբ հանձնուքների ընդունումը սահմանափակվել է, վերջիններս կանգնած են խնդրի առջև։
Հարկ է նշել, որ Դիտորդների խումբը դեռևս 2018թ. դեկտեմբերի 5-ին թիվ 18-92 ընթացիկ հաշվետվությամբ բարձրաձայնել է դիետիկ սննդի հետ կապված խնդիրների մասին։
Հաշվետվությանն ի պատասխան՝ 2018թ. դեկտեմբերի 26-ին ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ թեև բժշկագիտության բնագավառում ըստ Պեվզների սանդղակի սահմանված են թվով 15 դիետիկ սեղաններ, այդուհանդերձ, դրանք մինչ այժմ չեն պլանավորվել և չեն պատաստվել կալանավորված անձանց և դատապարտյալների համար։
Ուստի ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկվում է որոշ՝ ավելի հաճախ ախտորոշվող հիվանդությունների դեպքում հիվանդներին դիետիկ սննդով ապահովելու հնարավորության հարցը։ Սակայն նշված խնդիրը մինչև օրս չի լուծվել: ՀՀ Կառավարության 2015թ․ հոկտեմբերի 5-ի N 1182-Ն որոշման հավելված N 4-ով թեև սահմանվել է հավելյալ սնունդ, սակայն այն չունի բազմազանություն, և այս դեպքում սահմանված սննդակարգը չի կարող լինել բավարար։
Վերոգրյալի հիման վրա, Խումբը առաջարկում է ՀՀ Կառավարության 2015թ․ հոկտեմբերի 5-ի N 1182-Ն որոշման հավելված N 4-ը լրացրել նոր սննդատեսակներով, իսկ մինչ այդ նման սննդի կարիք ունեցող անձանց համար սահմանել բացառություններ հանձնուքների ընդունման գործընթացում։
Նշված խնդրի պատակցությամբ նախարարությունից հայտնում են, որ 2020թ. հունիսի 1-ի դրությամբ ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում անազատության մեջ պահվող անձանց սննդի բավարարման գործընթացն իրականացվում է մասնավոր ընկերության կողմից, իսկ պատրաստված սննդից օգտվում են անազատության մեջ պահվող բոլոր անձինք։
Անազատության մեջ պահվող անձանց սննդով ապահովման գործընթացը մասնավոր ընկերությանը պատվիրակելու փորձնական ծրագիրը մեկնարկել էր դեռևս 2019 թվականի հոկտեմբեր ամսին՝ «Արմավիր» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներում։ Մասնավոր ընկերության կողմից պատրաստված սնունդը կալանավորված անձանց ու դատապարտյալների շրջանում արժանացել է շատ բարձր գնահատանքի, իսկ պատրաստի սննդից օգտված շահառուների թվաքանակը կազմել է 100%, որն ինքնին հանգեցրել է փոխանցվող հանձնուքների թվի նվազմանը, ինչի արդյունքում թեթևացել է նաև անազատության մեջ պահվող անձանց հարազատների հոգսը:
Միևնույն ժամանակ, տեղեկացնում են, որ քրեակատարողական հիմնարկներում պահվող կալանավորված անձանց և դատապարտյալներին դիետիկ սննդով ապահովելու նպատակով դեռևս 2020թ. հունվարի 31-ի թիվ 40/11-498 գրությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներ սնունդ մատակարարող ընկերություն է ներկայացվել «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից մշակված որոշ՝ ավելի հաճախ ախտորոշվող հիվանդությունների դեպքում ազատությունից զրկված անձանց դիետիկ սննդով ապահովելու վերաբերյալ առաջարկություն: Ազատությունից զրկված անձանց շրջանում վերջին տարիների ընթացքում առավել տարածված սիրտ-անոթային, աղեստամոքսային տրակտի, շաքարային դիաբետի, խրոնիկական հեպատիտների, լյարդի ցիռոզի հիվանդությունների բուժման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով մշակված միջինացված դիետիկ սննդակարգերն արդեն իսկ ներառվել են ազատությունից զրկված անձանց ճաշացանկերում: