ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամները ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ կատարած այցելության արդյունքում արձանագրել են մի շարք խնդիրներ, որոնց վերաբերյալ համապատասխան առաջարկություններ են ներկայացրել ՀՀ արդարադատության նախարարությանը:
Այսպես, պարզվել է, որ հիմնարկի միջանցքներում, գրադարանում, հարկերում, հեռախոսային հանգույցների մոտ և տեսակցության սենյակներում ախտահանիչ նյութեր առկա չեն: «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի շրջանակներում գործող կրպակը արդեն 3 ամիս է, ինչ չի գործում: Պատճառը այն է, որ կրպակի աշխատողի նկատմամբ քրեական գործ է հարուցվել։
Խնդրի առնչությամբ խումբը առաջարկել է, որպեսզի հիմնարկի՝ վերը նշված վայրերում տեղադրվեն ախտահանիչ նյութեր, ինչպես նաև հնարավորինս արագ կազմակերպվի կրպակի աշխատանքների վերսկսումը, քանի որ հանձնուքների ընդունման սահմանափակումների պարագայում կրպակի աշխատանքը շատ կարևոր է։
Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի՝ «Վանաձոր» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանումը 2020թ. փետրվար ամսից ապահովված է հետևյալ ախտահանիչ նյութերով և խնամքի միջոցներով.
• Սպիրտ բժշկական,
• Օճառ մարմնի չոր,
• Հեղուկ օճառ մարմնի,
• Սուրֆանիոզ,
• Ալկոգել,
• Քլորսեպտ:
Բժշկական սպասարկում իրականացվող բոլոր տարածքները ախտահանվում են ախտահանիչ նյութերով, իսկ պատերին ամրացված են ալկոգելով լի հատուկ նախատեսված տարաներ՝ ազատազրկված անձանց ձեռքերի ախտահանման համար:
Ինչ վերաբերում է «Վանաձոր» ՔԿՀ-ին կից կրպակին՝ նշել են, որ «Աջակցություն դատապարտյալին» հիմնադրամի կողմից գործարկվող «Սևան», «Նուբարաշեն», «Վանաձոր» ՔԿՀ-ներին կից խանութ-կրպակների աշխատանքների ժամանակավոր դադարեցման հետ կապված հիմնադրամի վարչակազմի կողմից ձեռնարկվել են դատապարտյալների հայտերի բավարարման հեռավար համակարգի ներդրման աշխատանքներ, կնքվել և թարմացվել են մատակարարման պայմանագրեր քրեակատարողական հիմնարկների հետ, համաձայն որոնց քրեակատարողական հիմնարկներում աշխատող կրպակավարների հավաքագրած հայտերն ուղարկվում են Հիմնադրամի էլեկտրոնային հասցեին, իսկ հիմնադրամը 2-5 օրյա ժամկետում բավարարում է այդ հայտերը։
2020թ ապրիլից վերոնշյալ եղանակով հայտերը (եթե այդպիսիք ստացվում են քրեակատարողական հիմնարկներից) բավարարվում են «Վանաձոր», «Արթիկ», «Կոշ» «Նուբարաշեն», «Սևան» և «Հրազդան» ՔԿՀ-ներում:
Հաշվի առնելով նախկինում խանութ-կրպակների աշխատակիցների և պատասխանատուների կողմից չարաշահումների ձևավորված պրակտիկան, հայտերի հեռավար բավարարման արդյունավետ աշխատանքի դեպքում նախատեսվում է հետագայում ավելի զարգացնել աշխատանքի կազմակերպման տվյալ մոտեցումը՝ ներդնելով էլեկտրոնային հայտերի ծրագրային համակարգ։
Այցի ընթացքում «Վանաձոր» ՔԿՀ-ի դատապարտյալներից մեկը խնդիր է բարձրացրել նաև առ այն, որ յոթ տարուց ավելի ազատազրկված անձանց չեն ապահովում աշխատանքով: Նշվածը փաստեցին նաև քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները՝ նշելով, որ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 110-րդ հոդվածը սահմանում է նման արգելք, ինչը որոշ դատապարտյալների համար առաջացնում է խոչընդոտներ։
Խմբի գնահատմամբ ՀՀ քրեակատարողական օրենսգրքի նշված հոդվածում առկա արգելքը չի կարող հիմք հանդիսանալ անձին աշխատանքի ընդունելը մերժելու համար, իսկ եթե նույնիսկ առկա է նման օրենսդրական արգելք, առաջարկում է հանել այն։
Դատապարտյալներին աշխատանքով ապահովելու առաջարկը նախարարության կողմից ընդունվել է ի գիտություն: