ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) անդամները ՀՀ ԱՆ «Հրազդան» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ առանձնազրույց են ունեցել կալանավորված անձ Ռ.Մ.-ի հետ:
Վերջինս գանգատվում էր իր առողջական վիճակից և նշում, որ ունի ողնաշարի ճողվածք և վիրահատության անհրաժեշտություն կա: Արտակարգ դրության պատճառով վիրահատությունը հետաձգվել է, սակայն կալանավորված անձը հիվանդության պատճառով ունենում է սուր ցավեր։
Խումբը կիսում է այն մտահոգությունը, որ ԿՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում կարող են սահմանափակվել որոշ իրավունքներ: Այնուամենայնիվ, հաշվի առնելով անձի առողջական վիճակը և ուղեկցող ցավերը՝ Խումբը 2020թ. մայիսի 6-ի թիվ 20-30 ընթացիկ հաշվետվությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարությանը՝ առաջարկելով քննարկել Ռ.Մ.-ի վիրահատությունը պետպատվերի շրջանակներում կազմակերպելու հարցը։
Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնում են, որ «Հրազդան» ՔԿՀ-ում պահվող կալանավորված անձ Ռ.Մ.-ն ունի հետևյալ ախտորշումները՝ «Ողնաշարի դիստալ հատվածի դեգեներատիվ-դիստրոֆիկ փոփոխություններ: Ողնաշարի L5-S1 սկավառակի ճողվածք: Լյումբոիշալգիա: Վիճակ կլինիկորեն բուժված թոքերի տուբերկուլոզից հետո: Հեպատիտ «C»: Խրոնիկ ներքին և արտաքին թութք»:
Նա հիմնարկում տեղակայված «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանման անձնակազմի հսկողության տակ է և անհրաժեշտության դեպքում ստանում է համապատասխան բժշկական օգնություն:
Միաժամանակ հայտնում են, որ կալանավորված անձը 2020թ. հունվարի 21-ին պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում սպասարկման ուղեգրով տեղափոխվել է «Արամյանց» բժշկական կենտրոն, որտեղ իրականացվել է «ներքին և արտաքին թութք»-ի վիրահատությունը: