ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը իր գործունեության ընթացքում մշտապես ուշադրության կենտրոնում է պահել կալանավորված անձանց և դատապարտյալների միջև առկա հիերարխիկ հարաբերությունների խնդիրները, որոնց դեմ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերը որևէ կերպ չեն պայքարել, նույնիսկ որոշ դեպքերում թողտվությամբ նպաստել են հիերարխիկ հարաբերությունների լայն տարածմանը:
Քրեակատարողական հիմնարկներում առկա ոչ կանոնադրական, քրեական ենթամշակույթի և չգրված օրենքներով հարաբերությունները ոչ միայն ազդում են ազատազրկվածների ընդհանուր բարոյահոգեբանական վիճակի վրա, այլ նաև լուրջ խոչընդոտներ են ստեղծում վատ վերաբերմունքի, խոշտանգումների և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար: Ամփոփելով ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում իրականացված մշտադիտարկման արդյունքները՝ Խումբն արձանագրել է, որ, ի թիվս այլ խնդիրների, շարունակում է օրակարգային մնալ նաև հետխորհրդային տարիներին ձևավորված քրեական ենթամշակույթի գոյությունը:
Ելնելով վերագրյալից՝ Խումբը 2018 թվականի հունիսի 20-ին դիմել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանին՝ առաջարկներ ներկայացնելով քրեակատարողական հիմնարկներում առկա ոչ կանոնադրական, քրեական ենթամշակույթի լուծման ուղղությամբ:
ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ԴԱՍԱԿԱՐԳԵԼ ԸՍՏ ՎԵՐՋԻՆՆԵՐԻՍ ՔՐԵԱԿԱՆ ՀԱՅԱՑՔՆԵՐԻ
- Քրեակատարողական հիմնարկներում պատիժ կրող բանտային քրեական մշակույթի հետևորդներին առանձնացնել այդ մշակույթի հետևորդ չհամարվող ազատությունից զրկված անձանցից։
Պատասխան գրության մեջ ՀՀ արդարադատության նախարարությունը մասնավորապես պարզաբանել է, որ ուղղիչ հիմնարկներում դատապարտյալներին անջատ պահելու հարցը կարգավորվում է ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածով:
Իսկ ՀՀ արդարադատության նախարարի 2016թ. հուլիսի 13-ի թիվ 279-Ն հրամանի 26-րդ և 31-րդ կետերով սահմանված կարգով անազատության մեջ պահվող անձի քրեակատարողական հիմնարկ մուտք գործելու պահից նրա հետ իրականացվում են սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքներ, որը իր մեջ ներառում է նաև վերջիններիս հոգեբանական և այլ առանձնահատկություններով պայմանավորված համատեղելիության առումով նախնական գնահատական տալը:
Նախնական գնահատականի հիման վրա բաժանմունքի պետը, մյուս ստորաբաժանումների հետ համաձայնեցված միջնորդություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի պետին կալանավորված անձին կամ դատապարտյալնին կարանտինային բաժանմունքից տեղափոխելու և կոնկրետ խմբում կամ խցում տեղաբաշխելու վերաբերյալ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող սոցիալական, իրավական և հոգեբանական աշխատանքների հետ միաժամանակ իրականացվում են համապատասխան ռեժիմային և օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք ուղղված են նաև դատաարտյալների և կալանավորված անձանց շրջանում քրեական ենթամշակույթի վերացմանը, այդ ենթամշակույթը կրող և տարածող անձանց հայտնաբերմանն ու առանձնացմանը, քրեական աստիճանակարգության կանխարգելմանը, վերջիններիս վրա դաստիարակչական ներգործության միջոցով նրանց պատշաճ վարքագծի խթանմանը և իրավական արժեքների արմատավորմանը:
Նախարարությունը Խմբին առաջարկել է քրեական ենթամշակույթ կրող անձանց այդ ենթամշակույթը չկրող անձանցից անջատ պահելու միջազգային հաջողված փորձի, ուսումնասիրությունների և վերլուծությունների առկայության դեպքում դրանք առաջարկությունների հետ միասին փոխանցել ՀՀ արդարադատության նախարարություն:
ՈՒԺԵՂԱՑՆԵԼ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
- Ընդլայնել ՔԿՀ-ներում սոցիալական վերականգնողական ծառայություններն ու հնարավորությունները հետևյալ միջոցներով՝ մանկավարժների հետ հանդիպումների ժամ, օտար լեզվի ուսուցման հնարավորություններ, համակարգչի հմտությունների դասավանդում, սպորտային միջոցառումներին ներգրավվելու հնարավորություններ, խմբակային հոգեբանական ժամ և այն։
- Նշված միջոցառումները կյանքի կոչելու համար ակտիվորեն համագործակցել հասարակական կազմակերպությունների հետ:
- Դատապարտյալների զբաղվածության խթանում՝ աշխատատեղերի ստեղծում, արհեստակցական միությունների ձևավորում, պատրաստած ապրանքների վաճառքի կազմակերպում ինչպես առցանց, այնպես էլ այլ եղանակներով:
- Անչափահաս երեխաներ ունեցող դատապարտյալների համար ավելացնել իրենց երեխաների հետ ամսական կտրվածքով այցելությունների թիվը, իսկ մինչև հինգ տարեկան երեխաներ ունեցող կանանց շաբաթ-կիրակի օրերին թույլատրել վերադառնալ տուն՝ երեխաների խնամքի համար[1]
- Քրեակատարողական հիմնարկներում կազմակերպել հայրերի/մայրերի հետ երեխաների ժամ՝ խմբակային քննարկումների և հայրերի/մայրերի հետ որոշակի հարցերի շուրջ հանդիպումների տեսքով։ Հանդիպումները պետք է կայանան երեխաների համար առավելագույն հաճելի և բարենպաստ պայմաններում:
- Սահմանել հաստինքեր մաքրման և սանիտարահիգիենիկ աշխատանքների համար, վերացնել նման աշխատանքները բացառապես խոցելի խմբերի կողմից իրականացնելու պրակտիկան:
Ներկայացված առաջարկի կապակցությամբ նախարարությունից հայտնել են, որ ՍՀԻԱ ոլորտին առնչվող առաջարկները մշտապես գտնվում են քրեակատարողական ծառայության ուշադրության կենտրոնում: Հասարակական և այլ կազմակերպությունների հետ համագործակցությամբ մշտապես աշխատանքներ տարվում են լուսավորչական, կրթական և այլ միջոցառումների կազմակերպման, դատապարտյալների զբաղվածության ապահովման ուղղությամբ:
Մասնավորապես, դատապարտյալների զբաղվածությունն ապահովելու, սոցիալական վերականգնման արդիական և արդյունավետ միջոցառումներ ձեռնարկելու նպատակով, ինչպես նաև «Աջակցություն դատապարտյալին հիմնադրամ»-ի հետ համատեղ 2018թ. առաջին կիսամյակի ընթացքում 413 դատապարտյալ ներգրավվել է տարաբնույթ աշխատանքներում, այդ թվում՝ այլ գործատուների մոտ:
Ինքնագործ միավորումներում ընդգրկվել է 127 դատապարտյալ, իրացվել է 142 դատապարտյալի կրթական իրավունքը, ինչպես հանակրթական, մասնագիտական, այնպես էլ բարձրագույն և հետբուհական:
Նույն ժամանակահատվածում դատապարտյալների շրջանում ֆիզկուլտուրայի ու սպորտի զարգացման, առողջ ապրելակերպի դրսևորման, ինչպես նաև զբաղվածության, մշակութային, կրթական զարգացման պատշաճ պայմանների ապահովման համար տարբեր կազմակերպությունների հետ համագործակցությամբ կազմակերպվել են՝
- «Իրավական կրթություն և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը «Աբովյան» ՔԿՀ-ում իրականացրել է դասընթացներ.
- «Առողջ ապրելակերպ»՝ մասնակցել են 25 կին դատապարտյալ, որոնցից 15-ը ստացել են վկայականներ,
- «Սոցիալական ուսուցում և կյանքի հմտություններ»՝ 22 մասնակից,
- Անչափահաս կալանավորված և դատապարտված անձանց համար իրականացվել է «Հիմնարար գրագիտություն», «Հայոց լեզու և գրականություն (հայոց լեզու և գրականություն, մաթեմատիկա), որին ընդգկվել են թվով 4 անչափահաս կալանավորված անձ և 2 դատապարտյալ:
- ՀՀ ԱՆ «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի հետ համատեղ իրականացրել է «Խեցեգործություն, խեցեգործության թրծման, ներկման տեխնոլոգիա», «Ժամանակակից կիրառական արվեստ», «Փայտամշակում և փայտի գեղարվեստական փորագրություն», «Համակարգչային հմտությունների ուսուցում» և «Ռուսաց լեզվի տարրական գիտելիքներ» դասընթացներ, որոնց մասնակցել են 24 դատապարտյալ:
- Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի կին դատապարտյալների համար կազմակերպվել է տոնական միջոցառում:
- Երեխաների պաշտպանության միջազգային օրվան նվիրված ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ-ի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը ծնող-երեխա կապի ամրապնդման և զարգացման նպատակով կազմակերպել է անչափահաս երեխաների հանդիպում իրենց մայրերի հետ:
- 2018թ. մայիսի 25-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում տեղի է ունեցել դատապարտյալ Ա. Օհանյանի ստեղծագործական աշխատանքների ցուցահանդեսը՝ նվիրված Առաջին Հանրապետության 100-ամյակին և մայիսյան եռատնին:
Կալանավորված անձանց և դատապարտյալների հոգևոր պահանջմունքների բավարարման նպատակով Հայ Առաքելական եկեղեցու կողմից պարբերաբար կատարվել են այցելություններ, մկրտություններ, պատարագներ, տոնական օրերին՝ տոնակատարություններ:
Հարկ է նշել, որ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ը ՀՀ արդարադատության նախարարի 2018թ. հունվարի 22-ի «Վերապատրաստման և հատուկ ուսուցման դասախոսությունների և գործնական պարապմունքների ծրագրերը՝ ցանկերն ու դասընթացների հաճախման ժամանակացուցյերը հաստատելու մասին» թիվ 10-Ա հրամանի համաձայն՝ 2018թ. օգոստոսի 13-ից վերապատրաստումների, դասընթացների և սեմինարների միջոցով իրականացնելու է քրեակատարողական ծառայողների ուսուցման գործընթացները:
Դատապարտյալների զբաղվածության խթանման նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում ինովացիոն ծրագրերի ներդրման շրջանակներում նախատեսվում է «Աջակցություն դատապարտյալներին հիմնադրամ»-ի հետ համատեղ քննարկել ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում արդարության կազմակերպման հնարավորությունները, որի արդյունքում կապահովվի թե անազատության մեջ պահվող անձանց օգտակար, այդ թվում՝ ֆինանսական զբաղվածությունն ու վերասոցիալականացման արդյունավետ կայացումը, և թե քրեակատարողական համակարգի կայուն զարգացումը:
Տեսակցությունների առնչությամբ նշվել է, որ ՀՀ օրենսդրությամբ սահմանված է միայն տեսակցությունների նվազագույն քանակը, իսկ դրական բնութագրվող դատապարտյալներին կարող է տրամադրվել նվազագույն քանակից ավելի տեսակցություն, մասնավորապես ՀՀ քրեակատարողական օրենսգրքի 92-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Մերձավոր ազգականներին կամ այլ անձանց ետ կարճատև տեսակցություն տրամադրվում է ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ՝ մինչև 4 ժամ տևողությամբ՝ բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: Համատեղ բնակվելու իրավունքով և միայն մերձավոր ազգականների հետ երկարատև տեսակցություն տրամադրվում է երկու ամսվա ընթացքում առնվազն մեկ անգամ մինչև երեք օր տևողությամբ: Երկարատև տեսակցություն տրամադրվում է նաև դատապարտյալի հետ ամուսնության մեջ չգտնվող այն անձի հետ, որի հետ դատապարտյալն ունի համատեղ երեխա: (...) Առանձնապես ծանր հանցագործության համար որոշակի ժամկետով ազատազրկման կամ ցմահ ազատազրկման դատապարտված անձանց տրամադրվում է տարվա ընթացքում առնվազն 6 կարճատև և 2 երկարատև տեսակցություն: (...)»:
Օրենսգրքի 93-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն՝ «Օրինապահ վարքագծի, աշխատանքի և ուսման նկատմամբ բարեխիղճ վերաբերմունքի, դատապարտալների ինքնագործ միավորումների աշխատանքներին և միջոցառումներին ակտիվորեն մասնակցելու, ինչպես նաև դրական վարքագծի դրսևորման համար ազատազրկման դատապարտված անձի նկատմամբ սահմանված կարգով կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ միջոցները.
- Լրացուցիչ կարճատև կամ երկարատև տեսակցության տրամադրում, բայց տարվա ընթացքում երկու կարճատև կամ 2 երկարատև տեսացությունից ոչ ավելի. »:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մշտապես ձեռնարկվում և իրականացվում են տարաբնույթ համալիր միջոցառումներ մանկահասակ երեխաներ ունեցող դատապարտյալների կապն ընտանիքների հետ պատշաճ պահպանելու ուղղությամբ:
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում մաքրման և սանիտարահիգիենիկ աշխատանքների համար հաստիքներ սահմանելու և նման աշխատանքները բացառապես խոցելի խմբերի կողմից իրականացնելու պրակտիկան վերացնելու մասին Խմբի առաջարկության վերաբերյալ հայտնել են, որ կալանավորված անձինք և դատապարտյալները վաձատրվող և չվարձատրվող (ուղղիչ հիմնարկների կամ դրանց հարող տարածքների բարեկարգման) աշխատանքներին ընդգրկվում են ՀՀ կառավարության 2006 թ. օգոստոսի 3-ի թիվ 1543-Ն որոշմանը համապատասխան՝ բացառապես իրենց ցանկությամբ և գրավոր համաձայնության առկայության դեպքում:
ՆԵՐԴՆԵԼ ՌԻՍԿԵՐԻ և ԿԱՐԻՔՆԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐ
- Ապահովել դատապարտյալների անհատական գնահատման իրականացման հնարավորություններ:
- Ստեղծել կարիքների և ռիսկերի գնահատման գործիքներ:
- Դատապարտյալների վարքագծի, կարիքների ու ռիսկերի գնահատումը իրականացնել ստատիկ և դինամիկ պլանով:
- Մշակել և կյանքի կոչել վերականգնողական ծրագրեր:
Ռիսկերի և կարիքների գնահատման մեխանիզմների ներդրման հետ կապված Խմբի առաջարկների վերաբերյալ հայտնել են, որ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագծով նախատեսվում են անազատության մեջ գտնվող անձանց վերասոցիալականացման, այդ թվում՝ ռիսկերի և պահանջմունքների արդյունավետ գործիքի ներդրման, զբաղվածության և մասնագիտական կրթական ծրագրերի մշակում և իրականացման միջոցառումներ, որով որպես վերստուգիչ չափանիշ սահմանվել է, որ պետք է ապահովվի անազատության մեջ գտնվող անձանց պատժի կրման անհատական պլանավորումը, մշակվի և ներդրվի անազատության մեջ գտնվող անձանց ռիսկերի և պահանջմունքների գնահատման գործիք:
Նախարարությունը առաջարկել են նաև, որ Խումբը դատապարտյալների անհատական գնահատման հաջողված փորձերի կամ ստատիկ և դինամիկ պլանով ռիսկերի գնահատման մասին կատարված ուսումնասիրությունների կամ վերլուծությունների առկայության դեպքում դրանք առաջարկությունների հետ միասին փոխանցի ՀՀ արդարադատության նախարարություն:
ՎԵՐԱՆԱՅԵԼ ԿԱԴՐԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ
- Էականորեն բարձրացնել ՔԿՀ-ների աշխատակիցների աշխատավարձերը և ներգրավել որակյալ կադրեր: Ավելացնել աշխատակիցների սոցիալական երաշխիքները:
- ՔԿՀ-ներում ավելացնել հսկիչների թիվը, նրանց համար ստեղծել ծառայողական բարեկարգ պայմանները, իսկ առկա պայմանները բարելավել (հանգստի սենյակ, ճաշասենյակ, աշխատասենյակ)։
- Իրականացնել կադրային փոփոխություններ, մասնավորապես ՔԿՀ-ների աշխատողներին որոշակի պարբերականությամբ տեղափոխել մի քրեակատարողական հիմնարկից մյուսը[2]։
Կադրային քաղաքականության և պայմանների վերանայման առաջարկությունների վերաբերյալ հայտնել են, որ ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության քրեակատարողական համակարգում իրավիճակի բարելավման նպատակով 2018-2038 թվականների ռազմավարությունը և դրա իրականացման 2018-2038 թվականների միջոցառումների ծրագրին հավանություն տալու մասին» որոշման նախագծով առանձնահատուկ ուշադրություն է դարձվել նաև քրեակատարողական ծառայողների սոցիալական պայմանների բարեավման, կադրային քաղաքականության բարեփոխման հիմնախնդիրները՝ նախատեսելով քրեակատարողական ծառայության կառավարման մոդելի արդիականացում, կադրային քաղաքականության վերանայում, քրեակատարողական ծառայողների բնակարանային ապահովման կարիքների գնահատում, համապատասխան ծրագրի մշակում, քրեակատարողական ծառայողների աշխատավարձերի բարձրացում օրենքով ներդրված վարձատրության միասնական համակարգի շրջանակում:
Հայտնել են նաև, որ կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող մոտ 400 ծառայողների աշխատավարձերը միջին հաշվով 40,000 դրամ լրավճարով բարձրացվել և հավասարեցվել է միևնույն պաշտոնը զբաղեցնող մյուս ծառայողների վարձատրությանը։ Բացի այդ, ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների կրտսեր խմբի ծառայողների շարունակական արտահոսքը կանխելու անհրաժեշտությամբ պայմանավորված 2018թ. մարտից կրտսեր խմբի ծառայողների պաշտոնային դրույքաչափերը բարձրաղվել են ևս 5%-ի չափով։
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում հսկիչների թվի ավելացման, նրանց համար ծառայողական բարեկարգ պայմաններ ստեղծելու վերաբերյալ հայտնել են, որ քրեակատարողական համակարգում կադրային քաղաքականության կատարելագործումը մշտապես գտնվում է ՀՀ արդարադատության նախարարության ուշադրության կենտրունում։ Միաժամանակ ժամանակ տեղեկացրել են, որ Նախագծով որպես ռազմավարական ուղղություն նախատեսվել է քրեակատարողական ծառայության կառավարման մոդելի և կադրային քաղաքականության կատարելագործումը, որոնք միտված են քրեակատարողական ծառայության մասնագիտական համապատասխան ներուժ ունեցող կադրերի պատրաստմանը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում պարբերաբար իրականացվում են կադրային փոփոխություններ, այդ թվում՝ մեկ քրեակատարողական հիմնարկից մեկ այլ քրեակատարողական հիմնարկ, որի արդյունքում 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում կատարվել է շուրջ 314 պաշտոնային փոխադրում։ Կատարված կադրային փոփոխությունները և ռոտացիան նպատակ ունեն նաև նվազեցնելու հնարավոր կոռուպցիոն ռիսկերը։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի և ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ղեկավարի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ՀՀ ոստիկանության կրթահամալիրում առաջիկայում կկազմակերպվի քրեակատարողական գործ մասնագիտությամբ բարձրագույն կրթության ուսումնասիրությունը, որը իր հերթին հնարավորություն կընձեռի քրեակատարողական ծառայությունը համալրել բարձրագույն մասնագիտական կրթությունը ստացած կադրերով։
ՎԵՐԱՑՆԵԼ ԱՆՊԱՏԺԵԼԻՈՒԹՅԱՆ ՄԹՆՈԼՈՐՏԸ
- Ապահովել կարգապահական միջոցների արդյունավետ կիրառումը վարչակազմի ներկայացուցիչների և ազատությունից զրկված անձանց նկատմամբ:
- Ապահովել քրեական պատասխանատվության միջոցների արդյունավետ կիրառումը ինչպես ազատությունից զրկված անձանց, այնպես էլ ՔԿՀ վարչակազմի համար:
Այս կապակցությամբ Խմբին հայտնել են, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում օրինականության և ծառայողական կարգապահության ամրապնդման, ինչպես նաև քրեակատարողական համակարգի գործունեության թափանցիկության ապահովման հետ կապված հարցերը մշտապես գտնվում են ՀՀ ԱՆ ուշադրության կենտրոնում։
Քրեակատարողական համակագում առկա բոլոր թիրախային ոլորտների նկատմամբ սահմանվել է պատշաճ հսկողություն, բացի այդ՝ կարգապահության և կոռուպցիոն դրսևորումներից զերծ մնալու վերաբերյալ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի կողմից 2018թ․ առաջին կեսամյակի արդյունքների ամփոփման ժամանակ տրվել են համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ։
Մասնավորապես, 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում իրականացվել է 110 ծառայողական քննություն, ինչպես նաև 18 ուսումնասիրություն։
Անցկացված ծառայողական քննությունների և ուսումնասիրությունների արդյունքում 47 ծառայողներ ենթարկվել են կարգապահական պատասխանատվության, որից 2-ը ազատվել են ծառայությունից։ 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում 5 ծառայողի նկատմամբ հարուցվել է քրեական գործ, 8 ծառայողի լիազորությունները դադարեցվել են։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության առջև դրված խնդիրների արդյունավետ իրականացման և քրեակատարողական ծառայության գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի 2015թ. հունիսի 8-ի թիվ 143-Լ հրամանի համաձայն ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումները պարբերաբար ստուգայցեր են իրականացնում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում։
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի ստորաբաժանումների կողմից իրականացվել են թվով 15 ստուգայցեր հետևյալ ոլորտներում՝
- Անվտանգության ապահովման,
- Պահպանության ապահովման,
- Տնտեսական ապահովման,
- Բժշկական սպասարկման,
- Սոցիալ-հոգեբանական ոլորտի։
Ստուգայցերի արդյունքում հայտնաբերված թերությունների վերացման և աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու ուղղությամբ քրեակատարողական հիմնարկների պետերին տրվել են համապատասխան հանձնարարականներ և ցուցումներ։
Հարկ է նաև նշել, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում գործում է նաև արագ արձագանքման թեժ գիծ ծառայությունը, որի նպատակն է արագ և օպերատիվ կերպով արձագանքել ոչ իրավաչափ վարչարարության կապակցությամբ հնչեցված ահազանգերին։
Արդյունքում 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում ստացվել է 133 զանգ, որոնցից 127-ը կրել է տեղեկատվական բնույթ, իսկ 6-ով իրականացվել են ուսումնասիրություններ։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության նկատմամբ հանրային վստահությունն ամրապնդելու նպատակով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետի 2018թ. հունիսի 19-ի թիվ 87-Լ հրամանով վերանայվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները, հստակեցվել գործընթացի իրականացման մեխանիզմներն ու պատասխանատուների շրջանակը։
2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում արդեն իսկ կազմակերպվել է թվով 12 քաղաքացիների ընդունելություն, որոնց կողմից բարձրացված խնդիրներին տրվել են համապատասան լուծումներ։
Կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի պահանջների խախտման արդյունքում 2018թ. 1-ին կիսամյակի ընթացքում կարգապահական տույ-երի է ենթարկվել 1161 կալանավորած անձ և դատապարտյալ։
Բացի այդ, ՀՀ արդարադատության նախարարի կողմից 2018թ. հուլիսի 16-ի թիվ 348-Լ հրամանով հաստատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կանոնադրությունը, որի համաձայն՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում որպես կառուցվածքային ստորաբաժանում ստեղծվել է ներքին անվտանգության բաժինը։
Ներքին անվտանգության բաժինը գործելու է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում օրինականության և ծառայողական կարգապահության ամրապնդումը, քրեակատարողական համակարգի ադյունավետ զարգացումն ապահովելու նպատակով։ Բացի այդ բաժինն իրականացնելու է ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնում և քրեակատարողական հիմնարկներում առկա այլ ստորաբաժանումների կողմից օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ անմիջական և արդյունավետ հսկողություն։
Բաժնի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով կատարվելու են ուսումնասիրություններ, ստուգայցեր, և ծառայողական քննություններ, ինչպես նաև հսկողություն է իրականացվելու ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացվող, ինչպես նաև կատարված ծառայողական քննութունների օրինականության նկատմամբ։
Խումբը դրական է գնահատում ձեռնարկված քայլերն ու պլանավորվող փոփոխությունները, միևնույն ժամանակ հետևողական է լինելու քրեակատարողական մարմինների հսկողության տակ գտնվող անձանց իրավունքների պաշտպանության հասարակական վերահսկման հարցում՝ ուշադրության տակ պահելով ձեռնարկված և ձեռնարկվող քայլերի արդյունավետությունը:
[1]. Տես՝ Վրաստանի Քրեակատարողական օրենսգիրքի 72 հոդված, 13 գլուխ, լրացումը ուժի մեջ է մտել 2017թ․:
[2]. Երևան քաղաքում գտնվող քրեակատարողական հիմնարկների աշխատակիցների համար նման տեղափոխությունը սոցիալական բարդություններ չի առաջացնի։