Խումբը հանդես է եկել ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի բարեփոխման առաջարկով

sept 15ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների Խումբը ուսումնասիրելով ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգի 200-րդ կետը հանդես է եկել՝ Կանոնակարգի 200-րդ կետը ավելացնել հետևյալ պարբերությամբ․

«Կալանավորված անձի՝ քաղաքացիական գործարքին մասնակցելը արգելելու դեպքում, վարույթ իրականացնող մարմինը պարտավոր է կայացնել պատճառաբանված գրավոր որոշում, ներկայացնելով արգելքի հիմքերն և պատճառները։ Նշված որոշումը տրամադրվում է կալանավորվածին՝ պարզաբանելով որոշման բողոքարկման կարգն ու պայմանները»։

Խումբը հանդես է եկել նման առաջարկությամբ քանի որ կալանավորվածներին պահելու վայրի վարչակազմը կալանավորված անձի կողմից քաղաքացիաիրավական գործարքներին մասնակցելու ցանկության մասին հայտնում է վարույթ իրականացնող մարմնին։  Քրեական վարույթ իրականացնող մարմինը, քննության շահերից ելնելով, կալանավորված անձանց կարող է արգելել քաղաքացիական գործարքներին մասնակցելը։

ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 289-րդ հոդվածը սահմանում է գործարքի հասկացությունը, որի համաձայն գործարքները քաղաքացիական և իրավաբանական անձանց այն գործողություններն են, որոնք ուղղված են քաղաքացիական իրավունքների և պարտականություններ սահմանելուն, փոփոխելուն կամ դրանց դադարելուն։ 

Նշվածից հետևում է, որ գործարքները կարող են լինել բազմապիսի և բազմաբնույթ, սեփականություն ձեռք բերելուց և օտարելուց սկսած մինչև տարատեսակ գործարքներ։ Իսկ Կանոնակարգի 200-րդ կետը գործարքներն արգելելու որևէ նախապայման և վարույթն իրականացնող մարմնի պարտավորություն չի նախատեսում։ Միակ պայմանն այն է, որ դա պետք է արվի քննության շահերից։ Քննիչը կարող է արգելել կալանավորված անձին մասնակցել գործարքին միայն նշելով, որ արգելքը բխում է քննության շահերից, այլ պարտավորություն վարույթն իրականացնող մարմինը չունի։ Խնդիրը կարող է վերաբերել նաև անձի սահմանադրական և կոնվենցիոն իրավունքներին, օրինակ՝ սեփականության իրավունքին: Վերը նշվածի հիման վրա էլ Խումբը ներկայացրել է իր առաջարկությունը։

Ի պատասխան Խմբի առաջարկությանը, ՀՀ արդարադատության նախարարությունից հայտնել են, որ ՀՀ արդարադատության նախարարությունում քննարկվել է ՀՀ կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրերի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման 200-րդ կետով նախատեսված կարգավորումից բխող խնդիրները և առկա հնարավոր բացերը։ Հետևաբար, համեմատական վերլուծություն իրականացնելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությունում իրականացվում է խնդրո առարկա կարգավորման վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրություն։ ՀՀ արդարադատության նախարարությունը առկայության դեպքում Խմբից խնդրում է նաև միջազգային փորձի ուսումնասիրություն։

Կից կարող եք ծանոթանալ Դիտորդների խմբի գրությանը, ինչպես նաև նախարարության պատասխան գրությանը

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search