ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի (այսուհետ՝ Խումբ) անդամները ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ կատարած այցելության ժամանակ արձանագրել են, որ հիմնարկ մտնելիս հսկիչ-անցագրային կետում ջերմաչափում չի իրականացվում, տեսանելի վայրերում ամրացված չեն ալկոգել կամ ախտահանող նյութեր:
Հարցը քննարկվել է հիմնարկի պետի տեղակալի հետ: Նա հայտնել է, որ ջերմաչափում են միայն աշխատակիցներին, իսկ ազատազրկված անձանց` ըստ անհրաժեշտության:
Խումբը ՀՀ արդարադատության նախարարությանը առաջարկել է պահպանել Առողջապահության համաշխարհային կազմակերպության «ԿՈՎԻԴ-19. պատրաստվածությունը, կանխարգելումը և վերահսկումը բանտերում և ազատությունից զրկելու այլ վայրերում» միջանկյալ ուղեցույցի պահանջները, համաձայն որի՝ պետք է ստուգում իրականացվի բանտի մուտքի կետում: Առողջապահության և հանրային առողջության թիմերը պետք է ռիսկի գնահատում իրականացնեն բանտ մուտք գործող բոլոր անձանց պարագայում՝ անկախ համայնքում կասկածվող դեպքերի առկայությունից։ Տեղեկություններ պետք է հավաքվեն հազի և/կամ շնչակտուր լինելու բոլոր դեպքերի մասին, պացիենտների վերջին շրջանի ճանապարհորդությունների և վերջին 14 օրերում հաստատված դեպքերի հետ հնարավոր կոնտակտների մասին։ Ինչպես նաև պետք է վարել բանտ մուտք գործող և բանտից դուրս եկող անձանց տեղաշարժի ամենօրյա գրանցամատյան։
Ի պատասխան՝ ՀՀ արդարադատության նախարարությունից մեկնաբանել են, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղակայված բժշկական ստորաբաժանմանը Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի կողմից հատկացվել է ինֆրակարմիր անհպում ջերմաչափ, և նույն օրվանից վերոգրյալ ստորաբաժանման աշխատակիցների կողմից կատարվում է հիմնարկ մուտք գործող բոլոր անձանց ջերմաչափումը: 2020 թվականի հունիսի 4-ին հիմնարկի հսկիչ անցագրային կետում ամրացվել է ալկոգել պարունակող սարք, որը լիցքավորվում է սահմանված կարգով:
Խմբի անդամները նաև հանդիպել են Իրանի Իսլամական Հանրապետութան մի քանի քաղաքացիների հետ: Նրանցից Շ.Ռ.-ն հայտնել է, որ իր թևը ցավում է, ունի շաքարային դիաբետ, սակայն բժիշկ չի այցելում: Ա.Ա.-ն Ռ.Մ.-ն հայտնել են, որ ունեն ատամնաբույժի կարիք: Ս.Բ.-ն ունի տրոմբ, հեպատիտ C, սակայն ՔԿՀ-ի կողմից որևէ դեղորայք չի ստանում, քանի որ առկա չէ: Իսկ Ֆ.Զ.-ն ունի սոցիալ-հոգեբանի կարիք։ Հարցը քննարկվել է հիմնարկի պետի տեղակալի և բժշկական բաժնի պետի հետ, ովքեր հավաստիացրել են, որ բժշկական օգնությունը հենց նույն օրն էլ կտրամադրվի:
Այս առումով Խումբը առաջարկել է հետամուտ լինել, որպեսզի նշված ազատազրկված անձանց տրամադրվի բժշկական կամ սոցիալ-հոգեբանի օգնություն, ինչպես նաև հիմնարկն ապահովվի հեպատիտ C-ի բուժման դեղորայքներով:
Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների առողջական խնդիրների վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացրել է, որ նրանք «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանման անձնակազմի հսկողության տակ են:
Շ.Ռ.-ի մոտ ախտորոշված է «Շաքարային դիաբետ», որի կապակցությամբ վերջինիս մշտապես տրամադրվում են համապատասխան դեղամիջոցներ: Պարբերաբար կատարվում է արյան լաբորատոր հետազոտություն, (վերջին անգամ արյան մեջ գլյուկոզայի ստուգման հետազոտություն կատարվել է 2020 թվականի մայիսի 27-ին): 2020 թվականի մարտի 6-ին վերջինս զննվել է նյարդաբանի կողմից, նշանակվել է դեղորայքային բուժում, որը տրամադրվել է կալանավորին:
2020 թվականի մարտի 19-ին Շ.Ռ.-ն զննվել է մաշկաբանի կողմից, նշանակվել է դեղորայքային բուժում, որը տրամադրվել է վերջինիս: Ատամնաբույժի ընդունելություններն իրականացվում են՝ ըստ ներկայացված գանգատների, և որևէ գանգատ չի անտեսվում:
2020 թվականի մայիսի 15-ին և 19-ին ԻԻՀ քաղաքացի Ա.Ա.-ն զննվել է ատամնաբույժի կողմից: Օտարազգի, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների ընդունելությունը, վերջիններիս համաձայնությամբ, կատարվում է թարգմանչի ուղեկցությամբ: Ա.Ա.-ին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն:
2020 թվականի հունիսի 5-ին ատամնաբույժի կողմից կատարվել է նաև Ռ.Մ.-ի ընդունելությունը: Նա ատամնաբուժական գանգատներ չի ներկայացրել:
2020 թվականի հունիսի 5-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի սոցիալ-հոգեբանական բաժնի աշխատակիցների կողմից կատարվել է կալանավորված անձ Ֆ.Զ.-ի ընդունելությունը, որի ընթացքում վերջինս թարգմանչի միջոցով հայտնել է, որ ունի ոչ թե հոգեբանի, այլ հոգեբույժի ընդունելության կարիք: 2020 թվականի հունիսի 9-ին նա զննվել է հոգեբույժի կողմից, որի արդյունքում ախտորոշվել է «Նևրասթենիա»: Նշանակվել է համապատասխան դեղորայքային բուժում, որը ներկայումս Ֆ.Զ.-ն ստանում է:
2020 թվականի հունիսի 5-ին կատարվել է Ս.Բ.-ի ռապիդ թեստավորումը, որի արդյունքում վերջինիս արյան մեջ հայտնաբերվել են հեպատիտ «Ց» հակամարմիններ: 2019 թվականի նոյեմբերի 13-ին, 2020 թվականի փետրվարի 24-ին և մարտի 11-ին Ս.Բ.-ն ենթարկվել է էլեկտրասրտագրություն հետազոտության, որի արդյունքում սրտամկանում ախտաբանական փոփոխություններ չեն հայտնաբերվել: Նույն օրը նա ենթարկվել է կրծքավանդակի ֆլյուորոգրաֆիկ հետազոտության, որի արդյունքում թոքերում օջախային և ինֆիլտրատիվ փոփոխություններ չեն հայտնաբերվել: Ակնաբույժի խորհրդատվության արդյունքում նշանակվել է ակնոց:
Ձերբակալվածները, կալանավորված անձինք և ազատազրկման դատապարտվածներն ընդգրկված են ՀՀ կառավարության 2004 թվականի մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման մասին» թիվ 318-Ն որոշման Հավելված 1-ով հաստատված բնակչության սոցիալապես անապահով ու առանձին (հատուկ) խմբերի ցանկում և օգտվում են սահմանված արտոնություններից:«Քրոնիկ հեպատիտ Ց» հիվանդություն ունեցող, սոցիալապես անապահով և առանձին խմբերում ընդգրկված անձանց բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է պետական պատվերի շրջանակներում, անվճար պայմաններով՝ բացառությամբ հակավիրուսային բուժման:
2019 թվականի դեկտեմբերի 10-ից 30-ն ընկած ժամանակահատվածում քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց շրջանում ռապիդ թեստավորմամբ իրականացվել է «Հեպատիտ «Ց» վիրուսի հայտնաբերման հետազոտություններ:
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի որոշ ստորաբաժանումներից ազատազրկված անձանց արյան փորձանմուշները, ըստ նախնական ձեռք բերված ժամանակահատվածային պայմանավորվածության, հունվարի 18-ից սկսված, տեղափոխվել են «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲ ընկերություն:
C0VID-19 համավարակով պայմանավորված՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց» ՓԲ ընկերությունը 2020 թվականի փետրվար ամսին վերապրոֆիլավորվել է: 2020 թվականի հունիսի 11-ի դրությամբ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը որևէ տեղեկատվություն տրամադրված արյան փորձանմուշների և ցուցակներով ներկայացված ազատազրկված անձանց հետագա բուժման գործընթացի վերաբերյալ չի ստացել:
Ներկայումս անհրաժեշտության դեպքում հեպատիտ «Ց» հիվանդությամբ կալանավորված անձինք և դատապարտյալները ստանում են պահպանողական բուժում: Հիմնարկում պահվող կալանավորված անձինք և պատիժ կրող դատապարտյալները, կորոնավիրուսային համավարակով պայմանավորված, գտնվում են բժշկական անձնակազմի ամենօրյա հսկողության տակ, իսկ այն ազատազրկված անձինք, ովքեր ներկայացնում են գանգատներ՝ տեղում զննվում և ստանում են համապատասխան բժշկական օգնություն:
2020 թվականի հունիսի 11-ի դրությամբ, հիմնարկում ազատազրկված անձանց շրջանում, COVID-19 հիվանդության ախտանիշներ ունեցողներ չկան, չկան նաև նշված համավարակով հաստատված ախտորոշում ունեցողներ: Հիմնարկ նոր մուտք գործած անձինք 14 օր գտնվում են հատուկ նախատեսված կարանտինային տարածքներում: