Ցուցում N1

Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ անազատության մեջ գտնվող անձանց պահման վայրեր այցելությունների վերաբերյալ 2014 թվականի միջանկյալ զեկույցում նշված թերությունները վերացնելու նպատակով, ղեկավարվելով «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին 1-ին և 3-րդ կետերով հանձնարարում եմ՝

 Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի պետերին`

1. Խցերում տեղաբաշխումները կատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 31-րդ և Հայաստանի Հանրապետության քրեակատարողական օրենսգրքի 68-րդ հոդվածների պահանջներին համապատասխան՝ հաշվի առնելով նաև անձանց համատեղելիությունը, առողջական վիճակը և անվտանգության ապահովումը:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմակերպել և իրականացնել կալանավորված անձանց և դատապարտյալների ամենօրյա զբոսանքը:

3. Կալանավորված անձանց և դատապարտյալներին պատժախուց տեղափոխելու գործընթացը կազմակերպելիս պահպանել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության անվտանգության ապահովման կառուցվածքային ստորաբաժանումների գործունեության կարգը հաստատելու մասին» 2011թվականի նոյեմբերի 21-ի թիվ 194-Ն հրամանի պահանջները: Ապահովել պատժախցերի համար օրենսդրությամբ նախատեսված պայմանները:

4. Պատշաճ հսկողություն սահմանել քրեակատարողական հիմնարկներում տարվող սանիտարական աշխատանքների կատարման նկատմամբ, հատկապես ամռան շոգ ամիսներին առանձնակի ուշադրություն դարձնել խցերում սանիտարահիգիենիկ պայմաններին, կատարել ախտահանիչ աշխատանքներ՝ բացառելով աղտոտվածությունը և գարշահոտությունը:

5. Հատուկ ուշադրություն դարձնել կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող սննդի որակի, պահման պայմանների, ինչպես նաև պատրաստվող ճաշերի բազմազանության վրա: Պատրաստված ճաշերի որակի ստուգումները և այդ մասին գրառումները կատարել սահմանված կարգով, բացառել ձևական, նախօրոք կատարվող գրառումները: 

6. Բուժօգնությունը և բուժսպասարկումը կազմակերպել պատշաճ կարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 26.05.2006թվականի թիվ 825-Ն որոշման համաձայն՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կալանավորված անձանց և դատապարտյալներին տրամադրվող անհապաղ բուժօգնությանը և  բժշիկների ամենօրյա այցերին պատժախցեր, ակտիվացնել աշխատանքները քրեակատարողական հիմնարկները բուժաշխատողներով համալրելու ուղղությամբ: Բժշկական քարտերը, հիվանդության պատմագրերը, մատյանները և սահմանված այլ փաստաթղթերը լրացնել ժամանակին և պատշաճ ձևով, ընթեռնելի ձեռագրով:

7. Սույն ցուցումի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի առաջին տեղակալ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանին, 4-րդ և 5-րդ կետերի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վարուժան Մելքոնյանին, իսկ 6-րդ կետի կատարման նկատմամբ հսկողության իրականացումը հանձնարարել տվյալ ոլորտը համակարգող Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության պետի տեղակալ, արդարադատության գնդապետ Վաղինակ Քոչարյանին:

    ԳԵՆԵՐԱԼ-ՄԱՅՈՐ ԱՐԹՈՒՐ ՕՍԻԿՅԱՆ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search