«Վերջին տարիներին մեզ մոտ նկատվել է անչափահասների քանակի կտրուկ նվազում, այս պահին ունենք 3 անչափահաս։ Բայց թեկուզ մեկ անչափահաս դատապարտյալ լինելու դեպքում՝ նրան պետք է տանք կրթության հնարավորություն»,- այսօր «Մեդիա կենտրոնում» կազմակերպված «ՔԿՀ-ներում անչափահասների կրթության իրավունքի խախտումները և բժշկական սպասարկման որակը» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց Արմավիր ՔԿՀ-ի պետի տեղակալ Գևորգ Սիմոնյանը։
Նա ներկայացրեց, թե ՔԿՀ-ներում կրթական ծրագրերն ինչպես են իրականացվում. «Մեր օրենսդրությունը թույլ է տալիս, որ դատապարտված անձինք կրթություն ստանան, շարունակեն կրթությունը, սակայն դա կարող են իրականացնել այն ուսումնական հաստատություններում, որոնք ունեն հեռահար ուսուցման մեխանիզմներ։ Այս պահին ունենք բարձրագույն կրթությունը շարունակող 8 անձ, բայց այսօր այդ օրենսդրությունը թույլ է տալիս, որ նրանք օգտվեն այդ հնարավորությունից։ Ինչ վերաբերում է այլ ծրագրերին, մենք ունենք 103 ուսանող, որոնք տարբեր հաստատությունների կամ կազմակերպությունների կրթական ծառայություններից են օգտվում»։
2017թ. ՀՀ Քրեակատարողական հիմնարկներում արձանագրվել է 17 մահացության դեպք, որից 2-ը եղել է ինքնասպանության դեպք. 15 դեպքից 8-ը սիրտ-անոթային հիվանդությունների արդյունքում է գրանցվել, 2-ը՝ գլխուղեղի արյան շրջանառության սուր խանգարման, 5-ը՝ այլ հիվանդությունների հիմքով։
Այս մասին մարտի 20-ին Մեդիա կենտրոնում տեղի ունեցած քննարկմանը ներկայացրեց ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի ղեկավար Արայիկ Զալյանը:
Անդրադառնալով ՔԿՀ-ներում բժշկական սպասարկման խնդիրներին` Զալյանը ընդգծեց, որ մահացության դեպքերն ու բուժսպասարկումը ՔԿՀ-ներում փոխկապակցված են: