Հայաստանի նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի փաստաբանն ահազանգում է․ արդեն 10 ամիս կալանավորված 69-ամյա Աղվան Հովսեփյանն ունի առողջական լուրջ խնդիրներ, այդ թվում նաև շաքարային ծանր դիաբետ, և նրա հիվանդությունն անհամատեղելի է կալանավորման հետ։ Հետևաբար պետք է անհապաղ ազատ արձակվի։

2022 թ․ հուլիսի 18-ին կայացած դատական նիստին Քրեակատարողական հիմնարկը Աղվան Հովսեփյանի՝ դատարան չներկայանալու անհնարինության մասին տեղեկանք էր ուղարկել դատարան, և դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց հետաձգել նիստը։

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանի կարծիքով կալանավորումը շատ հաճախ կիրառվում է ոչ բավարար հիմքերի պարագայում և կիրառվում է նաև առողջական խնդիրներ ունեցող անձանց նկատմամբ։  

Մանրամասները՝ տեսանյութում։

 

 

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ Զարուհի Հովհաննիսյանը կալանքի հաճախ կիրառումը խիստ մտահոգիչ է համարում։ Նա, վկայակոչելով օրենքը, նշում է, որ դատարանը մեղադրյալին կարող է կալանավորել ծայրահեղ դեպքերում, եթե ունի հիմնավոր կասկած, որ նա կխուսափի կամ կթաքնվի գործի քննությունից։
 
«Արդյո՞ք պրոդյուսեր  Արմեն Գրիգորյանի դեպքում արժեր կիրառել հենց այդ կարծես թե ամենածայրահեղ միջոցը նախաքննության փուլում, որը պետք է նախաքննության մարմնին հնարավորություն տար ամբողջական քննություն իրականացնելու: Ստորագրություն չհեռանալու մասին, գրավի կիրառում, այս միջոցները եթե կարող են պարտավորեցնել, որ անձը պատշաճ կերպով նախաքննության պրոցեսին ներկայանա, բոլոր գործողությունները իրականացնի, կարծում եմ, կալանավորումն ուղղակի անիմաստ է կիրառել»:
 
Զ․ Հովհաննիսյանի կարծիքով՝ քննությունը պետք է պարզի՝ առողջական խնդիրներ ունեցող, բայց այդ մասին չբարձրաձայնած Գրիգորյանի հարցում որ օղակն է թերացել։
«Ի՞նչ քայլեր են իրականացվել: Մենք, իհարկե, պատրաստում ենք գրություններ, որոնցով պարզ կդառնա, թե ինչպիսի բժշկական գործողություններ են կատարվել Արմեն Գրիգորյանի ճնշման կայունացմանը հասնելու ուղղությամբ»:
Մանրամասները՝ կից հղումով։

ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ Նարե Հովհաննիսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադարձել է նաև Արմեն Գրիգորյանի մահման դեպքին․

«Եթե խոսում ենք կոնկրետ Արմեն Գրիգորյանի դեպքի մասին, ապա ես, որպես դիտորդների խմբի անդամ, կարող եմ ասել, որ տվյալ կալանավորված անձից մեր խումբն ահազանգ չի ունեցել: Ես կարծում եմ, որ Արմեն Գրիգորյանի դեպքի վերաբերյալ պետք է առանձին հետազոտություն անել, դեպքը քննել և հասկանալ, թե տվյալ կալանավորված անձի մոտ բարձր ճնշման հետ  կապված խնդիրը երբվանից է նկատվել, արդյոք քրեակատարողական հիմնարկում հայտնվելուց հետո, և արդյոք ՔԿՀ-ի պայմաններն են հանգեցրել տվյալ խնդրի սրմանը: Այս դեպքի հետ կապված ավելի հիմնավոր պատասխան հնարավոր կլինի ստանալ առանձին քննությունից հետո՝ հասկանալու համար՝ արդյոք խնդիրն այնպիսին էր, որ պետք է լիներ բժշկական միջամտություն, և եթե կար բժշկական միջամտության կարիք, արդյոք անձը բարձրաձայնել է դրա մասին, և այդ բարձրաձայնումը արդյոք մնացել է անհետևանք»։

Նրա խոսքով՝ այսպիսի դեպքերը պետք է ազդակ լինեն համակարգի համար, ծառայության համար, որպեսզի կարողանան այնպիսի պայմաններ ապահովել, որ այդ պայմանները որևէ ձևով անձի առողջական վիճակի վատթարացման կամ մահվան պատճառ չդառնան: «Այստեղ հիմնական մոտեցումն այն է, որ պետությունն այնպիսի քայլեր պիտի ձեռնարկի, որ նման դեպքեր չարձանագրվեն: Այստեղ մի ուրիշ խնդիր էլ կա, որ տարիներ շարունակ իրավապաշտպանները բարձրաձայնում են. այն, որ հիմնականում կալանավորումն է ընտրվում որպես խափանման միջոց, այսինքն՝ անձը պահվում է քրեակատարողական հիմնարկում, բայց այդ խափանման միջոցի ընտրությունը պետք է հիմնավորված լինի, ինչը որոշ դեպքերում այդպես չի լինում: Այսինքն՝ պետք է մաքսիմալ զերծ մնալ մարդուն անազատության մեջ պահելուց, որովհետև այդ ամենը մի շարք առումներով բացասական է ազդում մարդու վրա:

Մանրամասները՝ կից հղումով։

Մեդիա կենտրոնում տեղի ունեցավ «Քրեակատարողական հիմնարկներում ինչպե՞ս են պաշտպանվում կալանավորների՝ բժշկական ծառայությունից օգտվելու իրավունքները» թեմայով քննարկում, որի բանախոսներից ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ, իրավապաշտպան Զարուհի Հովհաննիսյանն անդրադարձավ ՔԿՀ-ներում առկա մի շարք խնդիրների։

«Շատ լավ կլիներ եթե ՀՀ արդարադատության նախարարությունը ՔԿՀ—ներում տեղի ունեցող բոլոր պրոցեսների վերաբերյալ հանրությանը հրապարակային կերպով հաշվետու լիներ, քանզի ՔԿՀ-ներում շարունակական մահերն արդեն իսկ խոսում են պետության վերաբերմունքի մասին։ Ըստ վիճակագրության՝ անցյալ տարվա ընթացքում գրանցվել է ինքնավնասումների 366, հացադուլի 374 դեպք, և հստակորեն այս դեպքերի քանակը ցույց են տալիս, որ անձինք ստիպված են լինում ծայրահեղ միջոցի դիմել, որպեսզի բարձրաձայնեն իրենց խնդիրները, և դրանց մեջ առողջության պահպանման խնդիրը բավականին բարձր ցուցանիշ ունի»։

Քննարկման ընթացքում Զարուհի Հովհաննիսյանն անդրադարձավ նաև պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան դեպքին․ «Արմեն Գրիգորյանը գտնվում էր «Արմավիր» ՔԿՀ-ում, որտեղ առաջին խնդիրը պահման պայմաններն են։ Այստեղ շատ խոնավ է, ձմռանը շատ ցուրտ է, ամռանը՝ շատ շոգ։ Չկա օդափոխման համակարգ։ Ամռան այս շոգին, երբ ջերմաստիճանը 40 աստիճանից բարձր է, պատկերացրեք՝ ինչ դժվար է առնվազն 23 ժամ գտնվել խցում»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Կալանքի համատարած կիրառման և առողջապահական իրավունքի հասանելիության խնդիրների մասին քննարկման շրջանակներում ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խմբի փորձագետ, ԻՊԱՍ իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանն անդրադարձավ այն հարցին, թե որքանով է երաշխավորված առողջության իրավունքը, ինչպես նաև նախնական կալանքի հարցին՝ որպես անձի անձեռնմխելիության և անձի ազատության ամենահաճախ խախտվող իրավունք։

«Մեծամասամբ դեպքերում գործերն ուսումնասիրելիս մենք արձանագրում ենք, որ այդ ողջամիտ կասկածն էլ կալանքի ինստիտուտը կիրառելիս հիմնավորված չէ, չկան այն բավարար հիմքերը, որոնք թույլ կտան ասելու, որ կալանքը տվյալ իրավիճակում, տվյալ գործով անհրաժեշտ է և օրինական․․․ արդյունքում շարունակաբար ունենում ենք կալանքի արատավոր պրակտիկա»։

Այս և մյուս հարցերի շուրջ ավելի մանրամասն՝ տեսանյութում։

 

 

 

Կոնտակտային տվյալներ

Վարդանանց փակուղի 8, 112 սենյակ

Երևան, Հայաստանի Հանրապետություն

Հեռ․ + (37498) 606 393

Էլ. հասցե: prisonarmenia@gmail.com

Հետադարձ կապ

Կայքը գործում է «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»
գրասենյակի ֆինանսական աջակցությամբ

Հասարակական դիտորդական խումբ © 2016
Բոլոր իրավունքները պաշտպանված են

Search